Մանկական հոգեբանի կարծիք Գազարագույն զատիկի հեքիաթի մասին

/ Գրքի նորություններ

Մանկական հատուկ հոգեբան Եվա Մարգարյանը տվել է մեր հեքիաթի հոգեթերապեվտիկ մի շատ հետաքրքիր վերլուծություն, որը սիրով ներկայացնում ենք ստորև։
🐞

Ինքնավստահության հիմքում ընկած է համարժեք ինքնագնահատականը, որը հնարավորություն է ընձեռում վստահ լինել սեփական նախաձեռնություններում՝ ինչ-որ բան անելու, տարբեր իրավիճակներում համապատասխանորեն ինքնադրսևորվելու, իր առջև ծառացած խնդիրներից գլուխ հանելու առումով։

Համարժեք ինքնագնահատականի դեպքում երեխայի պահանջմուքների մակարդակը (ցանկություններ, նպատակներ և այլն) համապատասխանում է իր հնարավորություններին (ինտելեկտ, տաղանդ, կրթություն, դաստիարակություն, կամային որակներ, ֆիզիկական հնարավորություններ և այլն)։

Պլանավորելով որևէ գործողություն՝ մենք հիմնվում ենք տվյալ պահին մեր ունեցած հնարավորությունների վրա։ Որքան ցածր է ինքնագնահատակը, այնքան քիչ են վարքային գործողությունները, որովհետև երեխան ինքն իր հնարավորությունները գնահատում է ավելի ցածր, քան իրականում նա կարող է։

Առաջադրված նպատակին հասնելու համար երեխային խանգարում են իր հնարավորությունների նկատմամբ իրենում գերիշխող ներքին կասկածն ու տագնապը։ Նա ինքն է հորինում՝ կարծես կարդալով ուրիշի մտքերը «Իսկ ինչ կմտածեն իմ մասին»։ Եվ, որպես արդյունք իր ոչ օբյեկտիվ գնահատականը հաճախ բացասաբար է ազդում այս կամ այն հարցի վերաբերյալ որոշումների ընդունման վրա։

Այս հեքիաթը՝ որպես թերապևտիկ ներգործության միջոց, նախանշված է խթանելու երեխայի ինքնագիտակցությունը, նրա ինքնաճանաչումը, նպաստելով համարժեք ինքնագնահատականի ձևավորմանը։

Շատ հաճախ երեխան ինքն իրեն չի ճանաչում։ Երբ խնդրում ես նկարագրել իր անձնային հատկանիշները՝ դժվարանում է։ Երբեմն էլ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է սեփական անձի մասին խոսել, ներկայացնել անձին բնորոշ թերությունները կամ առավելությունները։

Գազարագույն զատիկի մասին հեքիաթը նպատակաուղղված է նաև երեխաների մեջ ձևավորելու կարեկցանքի, ապրումակցելու կարողություն (էմպատիա)։ Հեքիաթի օգնությամբ երեխաները կսովորեն չծաղրել դիմացինին՝ այս կամ այն հատկանիշը ունենալու համար։ Կկարողանան ճանաչել և ընդունել ընկերոջը այնպիսին, ինչպիսին որ կա, կամ, հնարավորության դեպքում օգնել, աջակցել՝ ցանկալին ունենալու։ Այս հեքիաթը կիրառելի է հոգեբանական պրակտիկայում։

Եվա Մարգարյան,
Ընտանեկան, մանկական հատուկ հոգեբան։


Եվա Մարգարյանը աշխատում է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում՝ որպես հատուկ հոգեբան, իրականացնում է հոգեշտկողական և զարգացնող խմբային աշխատանքներ երեխաների հետ:

Եվան աշխատում է նաև հատուկ կարիքներով երեխաների հետ (աուտիզմ, ՀԶՀ, մտավոր հետամնացություն)` կիրառելով վարքաբանական /ABA/ և հոգեշտկիչ մեթոդներ: Անցկացնում է կավաթերապիայի դասընթացներ, նեյրոլեզվաբանական ծրագրավորման , կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի կիրառմամբ աշխատում է հետևյալ խնդիրների հետ` տագնապ, վախ, ֆոբիա, տարիքային ճգնաժամեր, ընտանեկան կոնֆլիկտներ, հետտրավմատիկ խանգարումներ, սթրես, միջանձնային խնդիրներ, հարաբերություններ հաստատելու դժվարություններ, թերարժեքության բարդույթներ, հարազատի կորուստ և այլն:

“Գազարագույն զատիկի կորած կետիկները” գիրքը կարող եք ձեռք բերել՝ գրելով մեր էջին։
Գրքի արժեքն է 3800֏, Երևանում առաքումը՝ անվճար։

Share this Post